Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2011
Բացվեց Շահումյանի համայնքային կենտրոնը

 Օգոստոսի 29-ին բացվեց Շահումյանի համայնքային կենտրոնը: Այն տեղակայված է գյուղի հինգ հարկանի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում և կառուցվել է 1978-ին: 1988-ի ավերիչ երկրաշարժից շենքը վթարվել էր, իսկ կենտրոնն անգործության մատնվել ու փակվել: Ավելի քան 20 տարի անց կենտրոնի վերականգման գործում համախմբվեցին <<Շեն>> բհկ-ն, ԱՄՆ ՄԶԳ-ն, <<Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլը>> (CHF) և Շահումյանի համայնքապետարանը: Վերանորոգումը իրականացրել է <<Շեն>> բհկ-ի <<Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի>> շրջանակներում: Շինաշխաանքներն իրականացրել է <<Կանակա>> ԲԲԸ-ն:

 Նորամուտին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, վերոնշյալ կառույցների ներկայացուցիչները: Հանդիսությունը վարում էր ՎՊՄԻ պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրա Ղուլյանը:

 Իր ողջույնի խոսքը հղեց Էդիկ Մանուկյանը: Նա նշեց, որ համայնքային կենտրոնի վերանորոգումն օրախնդիր է եղել գյուղի բնակիչների համար:

-Երբ իմ մտահղացումը` կենտրոնը վերանորոգելու մասին հայտնեցի <<Շեն>. բհկ-ի ներկայացուցիչներին, խնդրանքս անպատասխան չմնաց:Այս գործում իրենց օգնությունն առաջարկեցին նաև ԱՄՆ ՄԶԳ-ն և CHF-ն: Իսկ <<Կանակա>> ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի և շինարարների շնորհիվ համայնքն այսօր բարձրորակ վերանորոգված կենտրոն ունի,-ասաց նա` շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին: ԷԴ. Մանուկյանը նշեց, որ համայնքի մեկ բնակիչ արդեն աշխատանքի է ընդունվել կենտրոնում, ևս 3-ը կնդունվեն առաջիկայում:Շինարարության ընթացքում կարճաժամկետ աշխատանքով են ապահովվել ևս հինգ բնակիչ: Այսպիսով լուծվել է նաև զբաղվածության խնդիր:

 Շահումյանցիներին շնորհավորեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքեության տնօրեն Ջաթինդեր Չիման և <<Շեն-Ֆրանսիա>> կազմակերպության ներկայացուցիչ Սաթենիկ Պեպանյանը: Ջ. Չիման կարևորեց նման հաստատությունների գործունեությունը հատկապես գյուղական համայնքներում:

  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին` աջակցության համար:

 -Ողջունելի է, որ նմանատիպ ծրագրեր են իրականացվում փոքր համայնքներում: Վստահ եմ` գյուղապետարանը և բնակիչներն ամեն ինչ կանեն կենտրոնը պահպանելու և նպատակին ծառայեցնելու համար,-ասաց նա:

 -Այսպիսի մարդաշատ միջոցառումը վկայում է, որ գործ ունենք լուրջ ծրագրի հետ: Մենք` որպես շինկազմակերպություն, կարևորում ենք յուրաքանչյուր աշխատանք` լինի մեծ թե փոքր` նպատակ ունենալով ստեղծել մնայուն արժեքշնորհավորելով գյուղի բնակիչներին`ասաց Հայկ Հովիվյանը:

 Կենտրոնի բացման ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց Ա. Նալբանդյանին և Ջ. Չիմային: Մասնաշենքի օրհնությունը կատարեց Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը, ապա ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու կատարված աշխատանքներին: Կենտրոնում գործելու են համակարչային և շախմատի սենյակներ, գրադարան, տարեցների ժամանցի սենյակ, վարչական մաս: Ծրագրի արժողությունը 14 մլն դրամ է: Այստեղ կքննարկվեն համայնքի խնդիրները. այն կծառայի տարեցների ժամանցը կազմակերպելուն, շախմատի դասընթացներ անցկացնելուն, իսկ համակարգչային սենյակը կգործի վճարովի հիմունքներով: CHF –ի ներկայացուցիչը խոստացավ աջակցել կենտրոնը գույքով ապահովելու , իսկ Հ. Մինասյանը միջազգային կազմակերպությունների միջոցով համակարգիչներով ապահովելու հարցում: Համայնքապետարանն ստանձնելու է կենտրոնի ընթացիկ ծախսերը հոգալու պարտավորությունը: Ինչ վերաբերում է գրադարանին, ապա այն ունի շուրջ 10 հազար կտոր գրականություն, ևս 50 կտոր գիրք կտրամադրվի <<Կանակա>> ԲԲԸ-ի կողմից: Միջոցառումը շարունկվեց նաև գյուղապտարանին կից պուրակում , ուր էլ Էդ. Մանուկյանը շնորհակալագրերով և նվերներով պարգևատրեց բոլոր աջակիցներին` Ջ. Չիմային, <<Շեն>> բհկ-ի տնօրեն Հայկ Մինասյանին, CHF հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մագդա Ավետիսյանին, ճարտարագետ Վլադիմիր Բաղդասարյանին, <<Շեն>> բհկ-ի Լոռու մարզային ներկայացուցիչ Նորիկ Սարգսյանին և Հայկ Հովիվյանին:

 Միջոցառումը բաղկացած էր նաև երկրորդ մասից: Արդեն 3-րդ տարին է, ինչ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկզբին մկրտվում ու ոսկյա խաչեր են ստանում դպորցի առաջին դասարանցիները: Այս տարին ևս բացառություն չէր:

  Տեր Սողոման քահանա Ավետիսյանի ձեռամբ մկրտվեցի թվով 10 առաջին դասարանցիներ, իսկ երեկ մկրտվել էին ևս 11-ը:

 Ինչպես տեղեկացանք` Շահումյանից առաջին դասարան կհաճախի 26 երեխա ու քանի որ նրանցից 5-ը մկրտված են եղել, ուստի նրանց ոսկյա խաչերը հանձնվեցին մկրտության արարողությունից հետո:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner